Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների

Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց որևէ նախապայմանի կարգավորելու անհրաժեշտությունը տեսնում են ոչ միայն հայկական, այլև թուրքական կողմում: Թուրք որոշ քաղաքական գործիչները նշում են, որ արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պետք է վերանայվի: Խնդրին «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը` արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Արձանագրությունների ստորագրման ամենաառաջին իսկ պահից որևէ խոսք չի գնացել նախապայմանների վերաբերյալ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Այս խնդիրը պետք է մանրամասնորեն քննարկվի Թուրքիայի խորհրդարանում և վերանայվի»,– ընդգծեց Ուրասը:

Գործիչն անընդունելի համարեց այն, որ Թուրքիան սառեցնում է խնդիրը՝ հաճախ պայմանավորելով դա Ադրբեջանի հետ հարաբերությունների հանգամանքով, մինչդեռ մյուս թյուրքական պետությունները նորմալ հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ և այստեղ ունեն իրենց դեսպանատները:

Ուրասի կարծիքով՝ արձանագրությունների վերաբերյալ միայն պետական այրերը չէ, որ պետք է կարծիք հայտնեն: «Մտավորականները, հասարակական կազմակերպությունները փոխադարձաբար պետք է նախաձեռնություններով հանդես գան: Կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե երկու կողմերի մտավորականներն էլ արձանագրությունների ստորագրման վերաբերյալ հանդես գան համատեղ հռչակագրով»,- ասաց քաղաքական գործիչը: Նա նշեց, որ իրենք այս հարցում նախաձեռնություն էին սկսել, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին բնակավայրում սկսված գործողությունը ողջ ուշադրությունն ու օրակարգը բևեռեց այդ հարցի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում