ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան

ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան

ՀՀ սահմանադրության 125-րդ հոդվածը (hանրապետության նախագահի ընտրության կարգի մասին) ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով որոշ փորձագետների կարծիքին, թե Սահմանադրության 124-րդ (Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները)և 125-րդ հոդվածները, որոնք ներկայացնում են նախագահ ընտրելու նոր կարգը, ուժի մեջ են մտնում միայն 4-րդ նախագահի պաշտոնավարման օրը, իսկ մինչև այդ 4-րդ նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ՝ համապետական ընտրությամբ։

«Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը այս ձևով սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում: 125 հոդվածը, այո՛, ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, անցումային դրույթներում նպատակ կար, որպեսզի Նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125 հոդվածով սահմանված կարգավորումներով։ Նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125 հոդվածով նախատեսված մեխանիզմով, այլ փոքր-ինչ այլ, և անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125 հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125 հոդվածը։ Իրավունքում կա այսպիսի հասկացություն ՝ incorporation by reference, այսինքն՝ հղում ես կատարում մեկ այլ հոդվածի: Դրանով կյանք ենք տվել 125 հոդվածի փոփոխված տարբերակին 211 (Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը)հոդվածով: Սա շատ պարզ է և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է», – ասաց Դավիթ Հարությունյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում