Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ
Նմանատիպ
Արդարադատության նախարարության համար շատ կարևոր է ողջամիտ ժամկետներում դատական գործերի լուծումը: Այս առումով քայլեր են ձեռնարկվում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ՝ գործերի մի մասը տեղափոխելով այլ տիրույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Նմանատիպ քայլերից են նոտարի կատարողական մակագրության ինստիտուտի ներդրումը: Այնպիսի ինստիտուտներ են ստեղծվում, որոնց առկայության դեպքում դատավորի կողմից միջամտությունը պարտադիր չէ: Վստահ եմ, որ նմանատիպ քայլերը հնարավորություն կընձեռեն ունենալու ավելի որակյալ արդարադատություն»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` 2017 թվականի կարևորագույն քայլերից մեկն էր «Դատական օրենսգրքի» ընդունումը:
«Այս օրենսգրքով կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը: Օրենքով արդեն իսկ 7 վարչական շրջանների դատարանները միավորվել են մեկ ընդհանուր դատարանի` ի դեմս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի: Մեր նպատակն է գործերը հավասարապես բաշխել, որով կլուծվի ծանրաբեռնվածության խնդիրը: Բացի դրանից, օրենսգրքի ընդունումը ունի հակակոռուպցիոն ուղղվածություն»,– ասաց Հարությունյանը:
Դատարանների մասնագիտացման ոլորտում Արդարադատության նախարարությունը նույնպես ձեռնարկել է մի շարք քայլեր, մասնավորապես` 2019 թվականից ստեղծվելու է սնանկության դատարան:
«Ներկայումս աշխատաքներ են տարվում համապատասխան մասնագիտացված դատավորների խումբ ձևավորելու ուղղությամբ»,- եզրափակեց Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում