ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից

ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից

Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներ 2017-ին ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ծրագիրը իրականացվել է Եվրախորհրդի և Եվրամիության հետ համատեղ: Բացի դրանից, Եվրոպական չափանիշներին համապատասխան իրականացվել են շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների 14 հոգեբանների համար իրականացվել են մասնագիտական մեկ շաբաթյա դասընթացներ»,– ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` Արդարադատության նախարարությունը պատրաստվում է 2018-ին կյանքի կոչել առողջապահության ծառայության անկախության երաշխիքները:

«Այսօր ՔԿՀ-ների առողջապահական համակարգը ենթարկվում է քրեակատարողական ծառայությանը, ինչը, բնականաբար, առաջացնում է բախում, որովհետև տարբեր են քրեակատարողական և առողջապահության ծառայության խնդիրները: Ուստի, առողջապահական ծառայությունը ամբողջովին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից և ենթարկվելու է Արդարադատության նախարարությանը»,– ասաց Հարությունյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում