Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ

Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ

Հաշմանդամության կարգ տրամադրելու գործընթացում սպասվում են փոփոխություններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ թևակոխել են բժշկասոցիալական ոլորտի բարեփոխումների ակտիվ փուլ:

«Ներկայում քննարկվում են ոլորտի խնդիրները: Տեղյակ եք, որ վերջերս ՀՀ վարչապետի հանձնարարականը եղավ` կապված բժշկասոցիալական գործընթացի հետ: Այն է առաջարկություններ ներկայացնել աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար»,-ասաց նախարարի տեղակալը:

Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կառավարությանը կներկայացվեն իրավական ակտերի նախագծեր, որում կդրվի բժշկասոցիալական փորձաքննության մոդելի հետևյալ տրամաբանությունը: Նախ` որպես հիմնական խնդիր հստակ տարանջատվելու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ուղղությունների պատասխանատվությունները: Նախատեսվում է բարելավել անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու գործընթացը: Այսօր դա իրականացվում է տարածքային ամբուլատորիաների միջոցով և այս հատվածում կան թերություններ:

«Դրանք են անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու ընթացակարգերի անկատարությունը, անձի առողջական վիճակի վերաբերյալ դասակարգման հարցը, հիմա այդ ամենը թղթային տարբերակով է իրականացվում, իսկ թղթային տեղեկատվությունը, գիտենք, որ հնարավոր հեշտ փոխակերպման ենթարկվող է և այլն»,-ասաց նա:

Նախատեսվում է բարելավել բուն բժշկասոցիալական փորձաքննության ընթացակարգը, ինչը ենթադրում է անձի առողջական վիճակի մասին տեղեկատվության էլեկտրոնային տարբերակով ստացում: Առաջիկայում դա կարվի էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի միջոցով:

Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև վերանայել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների ձևավորման տրամաբանությունը:

«Այսօր գործում են տարածքային հանձնաժողովներ: Սպասվող փոփոխություններով բժշկասոցիալական փորձաքննության մասնագետները կձևավորվեն պատահականության սկզբունքով: Սա, դիմած անձի համար, որևէ փոփոխություն չի ենթադրում: Նույն ձևով դիմում է, պարզապես ամեն տարի հանձնաժողովում նույն մարդիկ չեն լինելու: Դա առաջին հերթին նպաստելու է կոռուպցիայի ռիսկի նվազեցմանը»,-ավելացրեց Սմբատ Սաիյանը:

Նախատեսվում է այսօրվա գործող համակարգից անցում կատարել կարիքի վրա հիմնված կոնկրետ ծառայությունների տրամադրման համակարգի: Հաշմանդամ չճանաչված անձը, եթե ունի առողջապահական ծառայություն ստանալու խնդիր, նրան առաջարկվում է վերականգնողական բուժում ստանալ համապատասխան պայմանագիր ունեցող հաստատությունում: Բուժումն ամբողջությամբ փոխհատուցվում է:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների թիվը կազմում է ավելի քանի 193 հազար, որից 8 հազար 200 երեխաներ են: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների թիվը նվազել է 13 հազարով: Հաշմանդամություն ունեցող անձանց թվի նվազումը պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով, վարչարարության բարելավման քայլերով: Նախարարի տեղակալը նշեց, որ շատ չնչին տոկոսն է կազմել այն անձինք, ովքեր սուբյեկտիվ մոտեցման պատճառով զրկվել է հաշմանդամության կարգ ստանալուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում