Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից

Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից

Այլ պետություններում հաշվառված մարդատար մեքենաները Հայաստան մուտք գործելիս ազատվել են ճանապարհային հարկից: Նորմը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով: «Սա ընդգծված քաղաքականություն է և նպատակ ունի նպաստելու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Իրենց մարդատար ավտոմեքենաներով Հայաստան գալ ցանկացողներն արդեն ստիպված չեն լինի յուրաքանչյուր 15 օրվա համար վճարել ճանապարհային հարկ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրեց, որ այս փոփոխության արդյունքում պետբյուջե մուտք չի գործի 2.5 միլիարդ դրամ: «Նախորդ տարի 2.5 միլիարդ դրամի չափով ճանապարհային վճար ենք ունեցել օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցով ՀՀ մուտք գործելու դեպքում»,-հավելեց պաշտոնյան:

Միրումյանի խոսքով` ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարար միջավայրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում