Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. ՄԻՊ արձագանքը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի նոր կարգին

Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. ՄԻՊ արձագանքը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի նոր կարգին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպման նոր կարգի վերաբերյալ:

«Երևանի ավագանու նիստերի լուսաբանման և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:

Երևանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարևոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարևոր հանրային գործառույթի կրողն է:

Օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու կոչումը պայմանավորում են պետության ներկայացուցչի պարտականությունն առաջնորդվելու լրագրողի օրինավորության, նրա բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում Երևանի քաղաքապետարանի պարզաբանումն այն մասին, որ քաղաքապետարանի շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպումն ու ավագանու նիստերի լուսաբանման առնչությամբ կարգավորումները չեն առաջացնելու խոչընդոտներ լրագրողների համար, իսկ բաց և թափանցիկ աշխատանքի սկզբունքները շարունակվելու են պահպանվել:

Որևէ կարգավորում չի կարող իրականացվել այնպես, որ հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձևավորի նման հանրային ընկալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում