Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի խոսքով՝ տարածությամբ միմյանցից հեռու Հայաստանին եւ Բրազիլիային միավորում են բարեկամական ջերմ հարաբերությունները եւ բրազիլահայ համայնքի առկայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Բրազիլիայի հայ համայնքի գործունեությանը, նրանց բնութագրել է որպես Բրազիլիայի ազնիվ ու արժանապատիվ քաղաքացիների:

Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունները տարեցտարի զարգանում եւ ընդլայնվում են՝ հորիզոններ բացելով համագործակցության նոր բնագավառների համար:

Արա Բաբլոյանը կարեւորել է տարիների ընթացքում կատարված բարձր մակարդակի այցերը եւ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն ու համագործակցության աշխուժացմանը՝ հույս հայտնելով, որ որպես փորձառու դիվանագետ՝ Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին՝ կարեւորելով խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:

ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ընդունելության համար ու ներկայացրել առաջիկա անելիքները, երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություները, մասնավորապես ստորագրված պայմանագրերը կսկսեն իրականանալ Բրազիլիայի Սենատում վավերացվելուց հետո: Դեսպանի խոսքով՝ վավերացումը հնարավորություն կտա նոր ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար, մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները:

Դեսպանը նշել է, որ գործնական դիվանագիտության կողմնակից է, եւ Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի իրականացնելու:

Նորանշանակ դեսպանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ, նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում