Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լեւոն Մկրտչյան

Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լեւոն Մկրտչյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը համոզված է, որ պետք է ապահովվի համալսարանների անկախությունը, որպեսզի ուսանողը կարողանա ազատ տեղաշարժվել ու անձամբ կազմել իր աշխատանքային գրաֆիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ընդգծելով, որ օրենքը իսկապես թույլ է տալիս գալ ուսանողակենտրոն քաղաքականության:

«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձեւը, որի հիմքը դարձրել ենք կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքում է բակալավրիատում, մագիստրատուրայում եւ երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում», – նշեց նա:

Լեւոն Մկրտչյանը հստակեցրեց, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերացնել լիկվիդ, վերաքննություն հասկացությունները:

«Կա տարեկան հավաքվող մինիմալ եւ մաքսիմալ կրեդիտ: Բակալավրի դեպքում, եթե ուսանողը full time ուսուցման համակարգում է, ապա նրան հնարավորություն է տրվում 4-6 տարվա ընթացքում ձեւավորել իր աշխատանքային գործընթացը, եթե ավելի երկարատեւ ռեժիմի է անցում կատարում, հայտնի է part time համակարգի, որը հեռակա ուսուցմանն է փոխարինելու, ապա մարդը կարող է 8 տարվա ընթացում աշխատել եւ մոդուլ-մոդուլ ստանալ իր կրթությունը: Սա ենթադրում է ֆինանսավորման բանաձեւի փոփոխություն: Երբ ուսանողն իր գրաֆիկը կազմելիս կորոշի, որ 6 տարում պիտի ավարտի, ապա կսահմանվի, թե յուրաքանչյուր տարի մոդուլի ինչ արժեքի համար պիտի վճարի: Այսինքն՝ նաեւ վճարման համակարգը պիտի փոխվի, եւ ամենակարեւորը՝ պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը, ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի եւ կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կմնա հաջորդ կուրսից», – եզրափակեց Լեւոն Մկրտչյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում