20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն

20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն

Հայաստանի 6 մարզում մարտի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, իսկ Տավուշի մարզի մեկ համայնքում` արտահերթ ընտրություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 7 մարզի 20 համայնքում:

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Ռաշիդ Օսեյանը: Անկուսակցական Ռուբիկ Սադոյանը ինքնաբացարկ է հայտնել:

Արարատի մարզի Դարբնիկ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է գործող գյուղապետ ՀՀԿ-ական Դավիթ Գզիրյանը: Ինքնառաջադրված ՀՀԿ-ական Սմբատ Ավետիսյանը հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ անկուսակցական Ռաֆիկ Վիրաբյանն ինքնաբացարկ հայտնել:

Արարատի մարզի Եղեգնավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Տիգրան Եփրեմյանը և համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Հովսեփ Ղազարյանը:

Արարատի մարզի Զորակ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Էդուարդ Խաչատրյանը և համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Մանուկ Մալոյանը:

Արարատի մարզի Խաչփար համայնքում ևս առաջադրվել է երկու թեկնածու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Ղազար Մարտիրոսյանը և անկուսակցական Կարեն Միկինյանը:

Արարատի մարզի Հայանիստ համայնքում առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանը:

Արարատի մարզի Նիզամի համայնքում ևս մեկ թեկնածու է առաջադրվել` ՀՀԿ-ական, համայնքի գործող ղեկավար Կարապետյան Հարութինը:

Արարատի մարզի Նորամարգ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու` ՀՀԿ-ականներ Արմեն Գևորգյանը և Արման Թադևոսյանը, ինչպես նաև անկուսակցական Արսեն Ղահրամանյանը:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը և անկուսակցական Գրիգոր Մուրադյանը:

Արարատի մարզի Սիս համայնքում առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական, համայնքի գործող ղեկավար Արմեն Եղյանը:

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Էդվարդ Միրզոյանը: Մեկ այլ ՀՀԿ-ական` Շիրազ Առաքելյանն ինքնաբացարկ է ներկայացրել:

Լոռիի մարզի Դեբետ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի միանգամից 4 թեկնածու` անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը, ՀՅԴ-ական Արայիկ Սարգսյանը:

Լոռիի մարզի Լեռնավան համայնքում առաջադրվել է 2 թեկնածու` անկուսակցական Սամսոն Վարդանյանը և ՀՀԿ-ական Վաչագան Վարդանյանը:

Կոտայքի մարզի Հացավան համայնքում առաջադրվել է ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը: Անկուսակցական Մհեր Ղարիբյանը ինքնաբացարկ է ներկայացրել:

Շիրակի մարզի Վարդաքար և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում կկայանան միայն ավագանու ընտրություններ:

Մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ամենաշատ՝ 13, թեկնածու է առաջադրել իշխող Հանրապետական կուսակցությունը: Խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է 3 թեկնածու, ՀՅԴ-ն` մեկ թեկնածու: Առաջադրվել է ևս 8 անկուսակցական թեկնածու:

Քվեարկությունը կմեկնարկի մարտի 11-ին ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում