Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը

Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մարտի 1-ի իրադարձությունները և դրանց հետևանքները համարում է մտահոգիչ, ցավոտ և ամոթալի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի քննարկմանը Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ առաջնահերթ խնդիր է, որպեսզի վերացվեն բոլոր հիմքերն ու պատճառները, որոնց հետևանքով 2008 թ. տեղի ունեցան մարտի 1-ի ողբերգական և ամոթալի իրադարձությունները:

«Այն, որ մարտի 1-ի իրադարձությունները մեզ համար մտահոգիչ են, իսկ դրա առաջացման հիմքերն ու պատճառները բացահայտելն ու վերացնելը` առաջնահերթ խնդիր, չի քննարկվում: Սակայն ես չեմ կարծում, որ այս հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Ելք» խմբակցությունը, միտված է այդ խնդիրների լուծմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոստանյանը:

Գևորգ Կոստանյանը շեշտեց, որ հայտարարության նախագծում ներկայացված են քաղաքական կետեր, որոնք չեն կարող օգնել մարտի 1-ի իրադարձությունների առաջացման պատճառները և հիմքերը` ընդգծելով, որ հայտարարությունը որևէ կերպ չի կարող շտկել դա: «Ես կարծում եմ, որ այս հայտարարության նպատակահարմարությունը բացակայում է: Եվ բացակայում է ոչ թե նրա համար, որ ես համաձայն չեմ դրանում ներառված կետերի հետ, այլ նպատակահարմարությունը բացակայում է խնդիրների լուծմանն ուղղված լինելու տեսանկյունից»,- եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում