Կարեն Կարապետյանը հանձնարարեց հստակ ձևակերպել, թե դիվանագետներն ինչ ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան

Կարեն Կարապետյանը հանձնարարեց հստակ ձևակերպել, թե դիվանագետներն ինչ ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարե՞լ են և եթե այո, ապա ե՞րբ կարող է ծանոթանալ այդ չափանիշներին: «Մենք 2016 թ. դեկտեմբերին դրա մասին խոսել ենք, 2018 թ. փետրվարին դեռ ցուցանիշը, հայտանիշը չենք ձևակերպել: Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ 2017-ի օգոստոսի 3-ին կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված հայտանիշները, որտեղ ֆիքսվել է նորմ, որով Արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: «Մենք դա արդեն արել ենք, 2018 թ. համար նախարարի հրամանով և կառավարության որոշմամբ ֆիքսել ենք հայտանիշերը, դրանց թիվը, չափանիշները»,- ասաց Հարությունյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «2018 թ. պլանը հաստատե՞լ եք»: «Այո, միանշանակ»,- պատասխանեց փոխնախարարը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել այն: «Տեսնենք՝ ինչ եք հաստատել, կարող է ճիշտ չեք հաստատել: Այդ պլանը ինչպե՞ս եք հաստատել»,- եզրափակեց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում