ՎՏԲ բանկում կատարված խոշոր գումարի հափշտակության դեպքով քննությունը շարունակվում է

ՎՏԲ բանկում կատարված խոշոր գումարի հափշտակության դեպքով քննությունը շարունակվում է

Երևանում ՎՏԲ բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղում փետրվարի 19-ին կատարված խոշոր գումարի հափշտակության դեպքով քննությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Սոնա Տռուզյանը:

«Քննություն է ընթանում և քննության շահերից ելնելով` այս պահին լրացուցիչ տեղեկություն տրամադրել չենք կարող»,– ասաց Տռուզյանը:

Փետրվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար:

Դեպի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում