Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանը, որն աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվել է միայն 1918 թ., իր վրա է վերցրել այն ցեղասպան քաղաքականության շարունակականության ապահովումը, որը 1915-1923 թթ. իրականացվել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ: Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Արևելյան Անդրկովկասում 1918 թ. ստեղծված Ադրբեջանը որդեգրել և հետևողականորեն ու բացահայտ իրականացրել է հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն, որը միտված էր հայության հայրենազրկմանն ու ոչնչացմանը: Այդ ծրագիրը տապալվեց արցախահայության զինված դիմադրության շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի այդ քաղաքականության արդյունքում ամբողջովին հայաթափվել է Նախիջևանը՝ շեշտելով, որ այդ հայաթափման սպառնալիքի ներքո 1988 թ. ծագել է արցախյան շարժումը: «Շատ հաճախ են փորձագետները նշում, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ի պատասխան արցախյան շարժման: Ամենևին այդպես չէ: Հստակեցնենք, որ դա տեղի է ունեցել հակառակ տրամաբանությամբ»,- ասաց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանն ընդգծում է, որ Ադրբեջանի ողջ տարածքում բռնի տեղահանման է ենթարկվել շուրջ կես միլիոն հայ, ինչպես նաև բազմաթիվ այլազգիներ՝ ռուսներ, հրեաներ, հույներ, մարդիկ, ովքեր շատ անգամ փորձել են պաշտպանել կամ օգնել անօգնական մնացած հայերին: «Հայ ժողովուրդը ենթարկվել է զանգվածային բռնությունների, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, անարգանքի, ադրբեջանցիներն ամբողջ Խորհրդային Միության տարածքում կազմակերպել են հայաորս, և այս ամբողջը տեղի է ունեցել ոչ միայն Խորհրդային Միության ղեկավարության լռության, այլ նաև օժանդակության պայմաններում: Հայերն այդպիսի վերաբերմունքի է արժանացել ոչ միայն նրա համար, որ ուղղակի հայեր են, այլև չեն ցանկացել ենթարկվել այդ ռասիստական և նացիստական քաղաքականությանը, որի ներքո այսօր էլ շարունակում են մնալ այլ փոքր ազգեր, որոնք այսօր բռնությունների են ենթարկվում Ադրբեջանի տարածքում»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ 2016 թ. ապրիլին միայն կրկնվել են այն բոլոր գործողությունները, որոնք սարսափ են ներշնչել մեր նոր սերնդին: «Ճիշտ ժամանակն է, որ մենք… վերաիմաստավորենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել… «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պնդում է, որ մենք գործ ունենք հետևողական ցեղասպանական քաղաքականության հետ, և հենց այդպիսին պետք է լինի գնահատականն այդ հանցագործության և դրան համապատասխան վերաբերմունքի պետք է արժանանան այդ ցեղասպանությունը վերապրած կամ դրան զոհ գնացած անձինք: Մինչ այսօր Հայաստանում չկա որևէ հատուկ կարգավիճակ, որի ներքո կհայտնվեին այդ անձինք, ովքեր իրապես ցեղասպանությունը վերապրածներ կամ ցեղասպանության զոհեր են: Ես համոզված եմ, որ այս լսումների արդյունքում մեր իշխանությունները կգան այդ շատ պարզ արտահայտված մտքին, որ մենք պետք է դրանք գնահատենք որպես ցեղասպանական գործողություններ, իսկ Արցախի հարցը տեղափոխել հենց այդ հարթություն, որտեղ խոսքը չի գնում զուտ ինքնորոշման մասին, ինչպես Կատալոնիան է կամ Շոտլանդիան, այլ խոսքը գնում է ցեղասպանությունից փրկվելու մասին»,- եզրափակեց Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում