ՍԴ հնչակյան կուսակցությունը նախաձեռնում է «Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի» մեկնարկը

ՍԴ հնչակյան կուսակցությունը նախաձեռնում է «Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի» մեկնարկը

Այս տարվա մարտի 1-ից Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնում է «Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի» մեկնարկը:

Կուսակցության մամուլի ծառայությունը դպրոցի ստեղծման նպատակը բացատրում է կրթության հարթակի ձեւավորման անհրաժեշտությամբ, որտեղ մասնագետների կողմից կտրվեն տեսական եւ պրակտիկ գիտելիքներ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի ոլորտներից, եւ մասնավորապես սոցիալ-դեմոկրատիայի եւ դրա զարգացման հեռանկարների մասին։

«Դպրոցի նպատակներից է պատրաստել տեղեկացված, իրական գիտելիքներով զինված, գաղափարապես հասուն առաջնորդներ եւ հասարակության անդամներ, ովքեր կկրեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը, կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, եւ կտարածեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը մեր հասարակությունում, այդպիսով նպաստելով հասարակության գաղափարական հասունացմանը եւ ինքնակազմակերպման ունակության բարձրացմանը», – ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով։ Բանախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, քաղաքական գործիչներ եւ այլոք։

Դասընթացներն իրականացվելու են ինտերակտիվ բանախոսությունների, քննարկումների միջոցով, որոնք կարող են պարունակել ժամանցային տարրեր։

Դասընթացների մասնակիցները ստանալու են գիտելիքներ 4 հիմնական առարկաներից, որոնք են՝

.Քաղաքագիտություն
.Տնտեսագիտություն
.Իրավագիտություն
.Սոցիոլոգիա
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետեւյալ պարտադիր չափանիշներն են

Տարիքը՝ 18 տարեկանից սկսած
Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի դիմումների փաթեթի ուսումնասիրության եւ հարցազրույցի հիման վրա։

Դիմումի փաթեթը ներառում է

Դիմում-հայտ (Էլեկտրոնային կամ գրավոր)
ինքնակենսագրություն
անձնագրի էլեկտրոնային պատճեն
կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
կրթական կամ հասարակական-քաղաքական այլ մասնակցությունների մասին տեղեկություն, ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումների ընդունման առաջին վերջնաժամկետն է սույն թվականի Փետրվարի 23-ը (ներառյալ)։ Հայտադիմում լրացնելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում