Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց արցախյան շարժման տարիներին Ադրբեջանի իշխանությունների հայատյաց և կեղտոտ քաղաքականության վերաբերյալ: Հայաստանի Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Արցախի խորհրդարանի պատգամավորը շեշտեց, որ 1988 թ., երբ Արցախը կանգնած էր ուծացման վտանգի առաջ, երբ Արցախին նոր Նախիջևան էր սպասվում, այն արթնացավ: 1988 թ. փետրվարի 13-ին Արցախի կենտրոնում հրավիրվեց առաջին հանրահավաքը, որին առաջինը մենք ենք մասնակցել՝ Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները, ովքեր առաջին երթը կազմակերպեցին և հանրահավաք հրավիրեցին: Օրեր անց Ադրբեջանից եկան ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչներ, եկել էին նաև ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության ներկայացուցիչներ: Նրանք դուրս եկան հրապարակ, որպեսզի ճնշեն ժողովրդի ընդվզումը: Հրապարակում ավելի քան 60 հազար արցախցիներ էին, այնտեղ էին նաև Հայաստանից ժամանած հյուրեր: Հրապարակում հավաքված ժողովուրդը չէր ցանկանում լսել ադրբեջանցիներին: Մենք կարողացանք համոզել նրանց, որ ժողովուրդը իրենց չի լսի՝ մինչև մենք ելույթ չունենանք: Մեզ մի կերպ հաջողվեց բանակցել նրանց հետ. պարզվեց, որ Ադրբեջանից ժամանել էին մեծաքանակ մարզիկներ՝ բռնցքամարտիկներ, կարատեիստներ, ովքեր շրջապատել էին հրապարակը, իսկ հետո մեզ հայտնի դարձավ, որ հրապարակի շրջակայքում եղել են բազմաթիվ մեքենաներ, որոնք լիցքավորված են եղել բենզինով: Նրանք ծրագրել էին սումգայիթյան եղեռնագործությունը սկսել Ստեփանակերտում, սակայն, երբ մենք ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության ներկայացուցիչներին մտահոգված բացատրեցինք, որ իրենք ծանոթ չեն ադրբեջանական քաղաքականությանը և նրանց ձեռագրին, նրանք, կարծես, իրավիճակը հասկացան և հանեցին այդ ուժերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Մխիթարյանը:

Նա հավելեց, որ օրեր անց, երբ դեռևս Բաքվում նստած էին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության ներկայացուցիչները, սկսվեցին Սումգայիթի կոտորածները: «Թուրքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեկ քայլ անգամ հեռու չէ 1915 թ. թուրքից, որը թրատել էր հղի կնոջ որովայնը և հռհռացել: Նույն ձեռագիրը նաև Սումգայիթում էր, և այսօր էլ Բաքուն շարունակում է իր կեղտոտ և ցինիկ քաղաքականությունը: Շիզոֆրենիկ պահվածքով Ալիևը հայտարարում է, որ Երևանն ու Զանգեզուրը իրենցն են, իսկ Թուրքիայի նախագահը բարձր ծափահարությունների ներքո հայտարարում է, որ Խոջալուն ցեղասպանություն է, իսկ մենք ցանկանում ենք մեզ զուսպ պահել և գրել ենք սումգայիթյան ջարդեր, երբ Սումգայիթը իսկապես ցեղասպանություն էր, երբ Մարաղան իրոք ցեղասպանություն էր, երբ Թալիշում գլխատված մարդիկ ցեղասպան ձեռագրի արտահայտություն են»,- ընդգծեց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Նա շեշտեց, որ փորձ է արվում Ադրբեջանի հետ քաղաքական բանակցությունների եզրեր գտնել: Սակայն, այնուամենայնիվ, համոզվում ենք, որ որքան էլ փորձում ենք ձիթենու ճյուղը բորենու բերանը դնել, միևնույն է, նա խաղաղության աղավնի չի դառնում: Մենք դրանում պետք է համոզված լինենք: Եվ ես ցանկանում եմ իմ խոսքն ավարտել հանրահայտ Անատոլ Ֆրանսի՝ հայ ժողովրդի մասին ասված նախադասությամբ. «Հայի մեկ կաթիլ արյուն մնալու դեպքում էլ կհառնի Հայաստանը», իսկ ես կավելացնեի՝ Հայաստան-Արցախս: Արցախը իմ անունն է, Հայաստանը՝ ազգանունը»,- եզրափակեց Արզիկ Մխիթարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում