Էկոլոգիական կրթության գաղափարը կարմիր գծի նման տանելու ենք. Արծվիկ Մինասյան

Էկոլոգիական կրթության գաղափարը կարմիր գծի նման տանելու ենք. Արծվիկ Մինասյան

Կառավարությունը հավանություն տվեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ռազմավարությունը համապարփակ փաստաթուղթ է, որն առնչվում է ինչպես կրթության ոլորտի բոլոր մակարդակներին, այնպես էլ պետական կառավարման համակարգում մասնագիտական վերապատրաստմանը:

«Բոլորին է հայտնի, որ մեր երկրում ցածր էկոլոգիական մշակույթի հիմնական պատճառներից մեկը բավարար գիտելիքներ չունենալն է, կամ աղավաղված գիտելիքներն են, որ հաճախ մեր շատ քաղաքացիներ կամ կազմակերպություններ փորձում են դրանցով առաջնորդվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արծվիկ Մինասյանը:

Ռազմավարությամբ նախատեսվում է հասարակական կազմակերպությունների ու լրագրողների համար կազմակերպել առանձին դասընթացներ՝ լուսաբանման մոտեցումները ներկայացնելու նպատակով: Իրավապահ մարմինների համար ևս կազմակերպվելու են շրջակա միջավայրի կանոնների և կարևորության վերաբերյալ հավելյալ դասընթացներ:

«Մենք կարմիր գծի նման փորձում ենք այս գաղափարն առաջ տանել կրթության բոլոր մակարդակներում»,- ընդգծեց նախարարը:

Հիմնավորման համաձայն՝ այս ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը և անհետաձգելիությունը պայմանավորված են երկրի անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով: Փաստաթղթում նշված է, որ էական տարբերություն է նկատվում տնտեսական աճի եւ շրջակա միջավայրի որակի միջեւ, ինչի եւս մեկ պատճառը հասարակության էկոլոգիական իրազեկվածության եւ վարքի չափազանց ցածր մակարդակն է: Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ռազմավարական նշանակությունը պետք է նշվի կրթական բարեփոխումների շրջանակում, ինչն անհրաժեշտ է շրջակա միջավայրի եւ տնտեսության անվտանգության ապահովման համար՝ որպես ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում