Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մարիալիզա Մոտտան գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքների վերաբերյալ և շեշտադրել հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը։

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ ծրագիրն առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ այն թիրախավորում է առևտրի և որակի ենթակառուցվածքների բարելավումը, ինչը Հայաստանի կառավարության արտահանելի տնտեսության ձևավորման օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Թվային տնտեսություն. Հայաստան» ծրագրի շուրջ։ Քննարկվել է նաև «Ինովացիոն զարգացման ռազմանավարություն» փաստաթղթի մշակման գործընթացում Համաշխարհային բանկի հնարավոր դերակատարումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում