Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում

Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում

Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում գրեթե բոլոր խմբակցությունները դրական են արտահայտվել բանաձևերի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել կողմ քվեարկել դրանց ընդունմանը:

«Բացառությամբ մեկ փոքր խմբակցության, որի երեք անդամներն ազգությամբ թուրք են, մյուս բոլոր խմբակցությունները դրական արտահայտվեցին բանաձևերի ընդունման համար: Քննարկումները նախ առավոտյան սկսվեցին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ երկրի Արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այնուհետև լիագումար նիստում, որը մեկնարկեց տեղի ժամանակով 15:00-ին. խմբակցությունները հանդես եկան պնդումներով, որպեսզի Նիդերլանդների խորհրդարանը լիարժեք ճանաչի Հայոց ցեղասպանությունը և յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկրի կառավարությունը՝ նախարարի մակարդակով, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Քննարկումների ընթացքում պատգամավորները շատ հստակ խոսեցին ցեղասպանության մասին»,- ասաց Հախվերդյանը:

Սպասվում է, որ բանաձևերի ընդունման քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 22-ի երեկոյան: «Սպասվում է, որ կլինի խորհրդարանի հայտարարությունը: Կասկած չկա, որ երկու բանաձևերն էլ կընդունվեն»,- շեշտեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը:

Բանաձևերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է: Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով՝ պարտադրվելու է նախարարի մակարդակով ամեն տարի ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում