Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում

Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում

Մարտի 1-ի իրադարձությունները պատմությունն արձանագրելու է որպես Հայաստանի նորագույն պատմության երկու ամենամեծ խարաններից մեկը: Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը; «Ինչպիսին էլ լինեն երեկ, այսօր և վաղը հնչող գնահատականները, փաստ է, որ 20-րդ դարում Երևանում՝ Հայաստանի անկախ պետության մայրաքաղաքում, հայի ձեռքով հայերի արյուն թափվեց, և սա աններելի խարան է հայոց պետականության ճակատին: Եթե քաղաքական շահախնդրությունը և կողմնակալությունը տեղի ունեցածի վերաբերյալ դնենք մի կողմ, իրականության մեջ շատ դժվար է հայոց հազարամյակների պատմության ընթացքում գտնել նման որևէ այլ նախադեպ՝ շահախնդրությամբ պայմանավորված օրինակները մի կողմ դրած»,- նշեց Ֆարմանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ավելորդ է ասել, որ այս 10 տարիների ընթացքում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ամեն ինչ ասվել է՝ քաղաքական, իրավական, բարոյական, հոգեբանական և բոլոր հնարավոր այլ տեսանկյուններից: «Գաղտնիք չէ, որ 2008թ. նախագահական ընտրություններով և դրան հաջորդած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ քաղաքական մեր համակարգը ունեցավ մի նոր ջրբաժան, որի հիմքով նաև ձևավորվեցին քաղաքական հիմնական խաղացողների՝ ընդդիմության և իշխանության քաղաքական ինքնությունը: Ինչպես ժողովուրդների պատմության մեջ են լինում ճակատագրական նշանակալի իրադարձություններ, որոնց վերաբերյալ կողք կողքի ապրող երկու հարևան ժողովուրդներն ունենում են միմյանցից կտրականապես տարբեր կարծիքներ, և հենց այդ կարծիքների հիման վրա է, որ ձևավորվում է այդ ժողովուրդների ինքնությունը, ցավոք սրտի, քաղաքական կյանքում էլ նման նշանակալի իրադարձությունների վերաբերյալ կարծիքով պայմանավորված ձևավորվում է քաղաքական ինքնությունը, օրակարգը և այլն»,- նշեց Ֆարմանյանը:

Նա հավելեց, որ մարտիմեկյան իրադարձությունները, որքան էլ ցավալի և անընդունելի են, բոլորի կամքից անկախ դարձել են քաղաքական պայքարի մի հետաքրքիր ջրբաժան, որի հաղթահարումը բոլորի հավաքական ուժերից վեր է թվում: «Եվ այդ տեսանկյունից հնչած որևէ գնահատական, ցավոք սրտի, կրելու են իմ ասած այդ ջրբաժանով պայմանավորված քաղաքական իրադարձությունների դաջվածքը: Սա պարզապես փաստերի անաչառ արձանագրում է, որի հետ դժվար է չհամաձայնել»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ մարտիկմեկյան իրադարձությունները պետք է առաջին հերթին դիտարկել որպես մեր երկրում գործած քաղաքական համակարգի խափանման հետևանք: Նա շեշտեց, որ մարտի 1-ի իրադարձությունները հնարավոր դարձան տարբեր պատճառներով, սակայն դա հետևանք էր քաղաքական համակարգի խափանման: «Մահվան հանգամանքների բացահայտումից և սպանություն կատարած անձանց իրավական պատասխանատվության ենթարկելուց զատ, նույնքան կարևոր են այն դասերը, որ հայոց պետականությունը պետք է սերտի: Ի՞նչ դասեր է սերտել քաղաքական իշխանությունը, ի՞նչ դասեր է սերտել քաղաքական ընդդիմությունը: Սովորաբար, մեզ նման հարուստ պատմություն ունեցող ժողովուրդները սովորում են սեփական սխալներից: Խոսելով մարտիկմեկյան իրադարձությունների մասին՝ կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ այլևս երբեք որևէ պատճառաբանությամբ, որևէ նպատակի համար Հայաստանի Հանրապետության տարածքում հայի ձեռքով արյուն չպետք է թափվի, ինչպիսին էլ որ լինի դրա գինը»,- եզրափակեց Ֆարմանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում