Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում

Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում

Լիտվան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնեցին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումներ ունենալու մասին վերջերս արված հայտարարության հետ: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նման հայտարարությունները չեն դժվարացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է.

«Լիտվայի Հանրապետությունը ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ մեր դիրքորոշումը լավ հայտնի է. մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքների վրա: Լիտվան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը հակամարտության գոտում եւ վերաներգրավել կողմերին առարկայական բանակցություններում՝ ցուցաբերելով քաղաքական կամք»,-փոխանցել են Լիտվայի արտգործնախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում