Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից

Պոլսահայ գործիչ, եկեղեցական աստիճանակարգով դպիրի կոչում ունեցող Կարո Գաբրիելյանը, ով սուր քննադատությունների է ենթարկել Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, կրոնական խորհրդի կողմից զրկվել է հատուկ արարողությունների ժամանակ եկեղեցական շապիկ կրելու իրավունքից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարո Գաբրիելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Կրոնական խորհուրդը Գաբրիելյանին ուղղված նամակում նշել է, որ Արամ Աթեշյանի դեմ ուղղված քննադատությունների, մերժողական վերաբերմունքի և վիրավորանքների պատճառով նա զրկվում է եկեղեցական արարողությունների ժամանակ հոգևորականների շարքում գտնվելու իրավունքից:

Գասպարյանը կրոնական խորհրդի այս որոշումը որակել է որպես Արամ Աթեշյանի վրեժխնդրություն և կամակորություն:

Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված նամակից հետո Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրավերով փետրվարի 9-ին Աթեշյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ժողովական հայրերի հանդիպում: Հանդիպմանը որոշում է կայացվել այն մասին, որ պետք է ընդառաջել ՆԳՆ ուղարկած նամակին: Մասնավորապես, վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը համարվել էր «պատրիարք ի հանգստյան»: Բացի այդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ որպես պատրիարքական փոխանորդ: Հանդիպմանը մասնակից ժողովական հայրերը շեշտել են, թե պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա պատեհ ժամանակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում