Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց

Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով դատական նիստը փետրվարի 23-ին կրկին հետաձգվեց. այս անգամ դատական նիստին հարգելի պատճառով ներկա չէր ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Վերջինս դատարանին տեղեկացրել էր, որ դատական նիստին չի կարող ներկա լինել հարազատի մահվան պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջին դատական նիստը տեղի էր ունենալու փետրվարի 12-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սակայն դատը չկայացավ՝ մեղադրող կողմի բացակայության պատճառով:

Ըստ տեղեկությունների՝ պետմեղադրողը դատական նիստի մասին ժամանակին տեղեկացված չի եղել, ծանուցումը ստացել է հենց նիստի օրը, ինչի պատճառով էլ նիստին ներկա չէր: Նիստին ներկա էին ամբաստանյալ Արման Ջանջուղազյանը և ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Ըստ մեղադրանքի՝ Արման Ջանջուղազյանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռեւս չպարզված անձանց օժանդակությամբ ապրիլի 22-ին ժամը 17:30-ի սահմաններում կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրիում դանակով մի քանի անգամ հարվածել է ՌԴ քաղաքացի, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւին՝ սպանելով նրան:

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում