Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը

Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր անհանգստությունն է հայտնել բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Ամիրյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ մի առնչություն չունի այդ կառույցի թույլտվության հետ, քանի որ «Քարերի սիմֆոնիա»-ն բնական, ոչ մշակութային հուշարձան է:

Նախարարը շեշտեց, որ որպես քաղաքացիներ իրենց անհանգստությունն են հայտում այդ հարցի վերաբերյալ: «Չի’ կարելի նման բան անել: Կարծում եմ, որ պատկան մարմինները, համայնքի ղեկավարությունը և այլ պատասխանատուներ ժամանակին արդեն արձագանքել են և լուծում կտան այդ հարցին»,-եզրափակեց Արմեն Ամիրյանը:

Հունվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել էին բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի մոտ իրականացվող շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ էին տարածել և նշել, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշել է, համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում