Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք

Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք

Եթե սեփական հողիդ վրա ուզում ես ապրել ազատ ու երջանիկ՝ պետք է պայքարես:

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով` հայ ժողովուրդը մշտապես պետք է հիշի, որ միայն զենքով, միայն ուժեղ բանակով, ուժեղ դաշնակիցներով եւ միասնությամբ կարող է հասնել իր իղձերի կատարմանը: Արցախահայությունը բազում դարեր դա ապացուցեց` բազում դարեր ապրելով եւ ապրեցնելով նաեւ մյուսներին: «Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք: Հայ ժողովուրդը միասնական է իր ազատության ձգտման մեջ: Զարմանալ կարելի է, թե ինչպես են միջազգային շատ ատյաններում մի նժարի վրա դնում մեզ` հայ ժողովրդին, որն իր ազատության համար է պայքարում, եւ հարեւան ժողովրդին, որը իր ծննդյան հենց սկզբից արյունարբու քաղաքականություն է վարում»,-ասաց նա:

Արամ Սիմոնյանը նշեց. արցախցին եկավ ապացուցելու, որ այդ արյունարբուի ձեռքը նա կարող է կտրել, հայ ժողովուրդը եկավ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքն ինքը կարող է վերացնել ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ մյուս հարեւան ժողովուրդների գլխից:

«Մենք պետք է հասկանանք, որ բարեհոգի վերաբերմունքով ազատություն չենք կարող ձեռք բերել եւ պահպանել: Կեցցե արցախահայությունը, կեցցե հայ ժողովրդի ազատական տենչը, կեցցե մեր պետականությունը ՀՀ-ում եւ Արցախում»,-հավելեց նա:

«Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը նվիրված է արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում