Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը

Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անտրամաբանական և անհեռանկարային է համարում Ազգային ժողովի կողմից ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը չեղարկելու և նախագահի համաժողովրդական ընտրություններ անցկացնելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հստակեցրեց, որ դա իր անձնական կարծիքն է, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը հարցը դեռ չի քննարկել: «Ես դա տրամաբանական չեմ համարում, բայց սա զուտ իմ անձնական կարծիքն է, խմբակցությունը կանդրադառնա այդ հարցին ու կորոշի։ Բայց ես կարծում եմ, որ դա իրականանալու առումով անհեռանկարային է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Սահմանադրության պահանջը ստորագրությամբ չի վերանում, ինչքան էլ դու ուժեղ քաղաքական ուժ լինես: «Սահմանադրությունն է այդպես պահանջում։ Կարծում եմ, որ ստորագրությամբ ոչինչ չեն կարող անել, որովհետև Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կողմից։ Չեմ կարծում, որ դրա համար նորից պետք է քվեարկություն անցկացնենք»,- ասաց պատգամավորը:

Փետրվարի 22-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում: Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին՝ առաջարկելով ստորագրել»,-ասված էր պատգամավորի հայտարարության մեջ»,- գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում