Մի շարք պատմական հուշարձաններում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար պետբյուջեից գրեթե 200 մլն դրամ է ծախսվել

Մի շարք պատմական հուշարձաններում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար պետբյուջեից գրեթե 200 մլն դրամ է ծախսվել

Հայաստանի 14 պատմական հուշարձաններում 2017 թվականին վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար պետական բյուջեից հատկացված 250 մլն գումարից ծախսվել է 199 մլն 457 հազար դրամ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նրա խոսքով` նախագծման և ուսումնասիրման աշխատանքների համար 11 մլն 275 հազար դրամ է ծախսվել, իսկ մնացած գումարը վերադարձվել է պետբյուջե: «Մրցույթների վրա ավելի քիչ գումար է ծախսվել, նախատեսվածից ավելի քիչ հայտատուներ են եղել, ուստի գումար է հաջողվել խնայել»,-նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` 2014-2016 թվականների ստուգումների արդյունքում ֆինանսների նախարարությունը խախտումներ էր հայտնաբերել ոլորտում: «65 մլն դրամի խախտումների համար նախարարությունը դիմել է դատախազություն։ Կարծում եմ` այդ կազմակերպությունները պետք է պատասխան տան: Նրանք կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալիների ցուցակում և դրանից հետո դժվար թե կարողանան մասնակցել մեր մրցույթներին»,-ընդգծեց նախարարը:

2018 թվականի հուշարձանների վերականգնման աշխատանքների համար մրցույթներն արդեն հայտարարված են: «Բոլորը կարող են հետևել, թե ինչ կազմակերպություններ են հայտեր ներկայացրել, արդյունքում ովքեր են շահել և հետագա աշխատանքներն ինչպես կընթանան»,-ասաց Ամիրյանը` հավելելով, որ հայտարարված մրցույթների մասով մեծ ակտիվություն է նկատվում, ինչը փաստում է վստահության և թափանցիկության ավելացման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում