Գեղարքունիքում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը

Գեղարքունիքում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը

Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Կարմիրգյուղի թիվ 1, Զոլաքարի թիվ 1, Դդմաշենի, Սոթքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը:

Ռազմամարզական խաղերի մարզային փուլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարության ռազմամարզական վարչության պետ Արթուր Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, հանրակրթական դպրոցների Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներ եւ մասնակից ռազմամարզական թիմերի աշակերտները:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղություն, մեր սահմանները պաշտպանող զինվորներին ու սպաներին՝ անվտանգ ծառայություն: Համոզված եմ, որ այսօր ռազմամարզական խաղերի անցկացմամբ մենք ձեր կատարմամբ ականատեսը կդառնանք հայրենասիրական բաց դասի ցուցադրությանը»,-բացման խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

«Հազարավոր հայ զինվորներ այսօր արթուն պահապանի պես գիշեր ու ցերեկ հսկում են մեր սահմանները, քաջության, կյանքի ու արյան գնով պահպանում մեր հայրենիքի անդորրը: Ես խոնարհվում եմ հայ զինվորի տոկուն կամքի առաջ, այն ծնողների եւ ուսուցիչների տված դաստիարակության ու կրթության առաջ, որ նման ռազմիկ որդիներ են տալիս մեր բանակին: Մեր թշնամին մեզ պարտադրում է՝ միշտ լինել զգոն ու պատրաստված, ու մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր վաղվա զինվորները բանակ մտնեն ռազմական գիտելիքների բավարար պաշարով: Այս ռազմամարզական խաղերն էլ ծառայում են այդ կարեւոր նպատակին»,-նշեց ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Ռազմամարզական խաղերի մեկնարկից առաջ մասնակիցներն այցելեցին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ռազմագիտության կաբինետ՝ ծաղիկներ խոնարհելով նույն դպրոցի աշակերտ, հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված Զոհրաբ Բալաբեկյանի փառքի անկյունում:

Այնուհետ 8-11-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերի միջեւ պայքարը ծավալվեց «Արագ եւ դիպուկ», «Բանիմաց եւ հնարամիտ», «Ամենագետ եւ խելացի», «Կարգապահ եւ ներդաշնակ», «Բարձունքի գրավում» մրցաձեւերում:

Աշակերտներն իրենց ռազմական գիտելիքները եւ կարողությունները ցուցաբերեցին շարային պատրաստվածության, հրաձգության, նռնակի նետման, ինքնաձիգ զենքի քանդման ու հավաքման, էստաֆետային տարբեր վարժությունների, օդային տագնապի արձագանքման, առաջին բուժօգնության կազմակերպման եւ այլ ստուգատեսների ժամանակ:

Ամփոփելով ռազմամարզական խաղերի մարզային փուլի արդյունքները՝ գլխավոր մրցավար, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի զինղեկ, Գավառի տարածքի դպրոցների ավագ զինղեկ Նովլետ Կարապետյանը հրապարակեց առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերի անունները:

«65 միավորով առաջին տեղը գրավեց Ճամբարակի ավագ դպրոցի թիմը: Նրանից ընդամենը մեկ միավոր պակաս վաստակեց Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը: Երրորդ տեղը գրավեց Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը՝ վաստակելով 59,6 միավոր: Չորրորդ եւ հինգերորդ տեղերը հավասար միավորներով բաժանեցին Սոթքի եւ Դդմաշենի թիմերը: Այսպիսով, «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին մասնակցելու հայտ ներկայացրեց Ճամբարակի ավագ դպրոցի թիմը, որի կազմում կարող են ընդգրկվել նաեւ մյուս թիմերում աչքի ընկած աշակերտները՝ կազմը ուժեղացնելու նպատակով»,-ներկայացրեց Նովլետ Կարապետյանը:

Ռազմամարզական խաղերի կազմակերպման ու ակտիվ մասնակցության համար գերատեսչական պատվոգրերով պարգեւատրվեցին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը, հաղթող թիմերի մարզիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում