Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր

Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Այս մասին գրում է De Telegraaf պարբերականը:

«Թուրքական կողմից նման արձագանքը սպասելի էր»,- ասել է նախարարը՝ չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանություններ անել հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, արձագանքներին պատասխանելը լավ միտք չէ:

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին երկու որոշումները: Առաջին առաջարկով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Փաստաթղթերի քննարկումից և ընդունումից անմիջապես հետո հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են ընդունված որոշումները»: Պաշտոնական Անկարայից նշել են, թե որոշումները «իրավական առումով պարտադրող բնույթ և վավերականություն չունեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում