«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկումը, այս մասին Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

Իշխող կոալիցիան ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին, կարելի է ենթադրել, որ խորհրդարանում նախագահի ընտրությունը կավարտվի հենց առաջին փուլում: Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 մանդատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում