Ապագա մեծ կենսաբանի մանկուց ծնված սերն ու կատարման ենթակա երազանքը

Ապագա մեծ կենսաբանի մանկուց ծնված սերն ու կատարման ենթակա երազանքը

«Ես արդեն տեղում եմ»,-պայմանավորված ժամից մի քանի րոպե շուտ ստացածս զանգը վկայում էր զրուցակցիս ճշտապահության ու պատասխանատվության մասին… Սովորելն ու սովորեցնելը համատեղած ուսանողն անհրաժեշտ ամեն ինչի համար ժամանակ կարողանում է գտնել։ Երկրորդ աշխատավայրից հանդիպման վայր շտապած ապագա մեծ կենսաբանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի 5-րդ կուրսի ուսանող Էրիկ Արաբյանն է։

Էրիկի երթուղին կես տարի է, ինչ մեկ կանգառով ավելացել է։ Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի շրջանավարտը նույն դպրոցում դասավանդելու առաջարկ ստանալուն պես՝ հաճույքով ընդունել է։ Մինչ այդ առհասարակ մանկավարժական փորձ չունենալով՝ Էրիկին կարճ ժամանակում հաջողվեց ոչ միայն իրենից մի քանի տարով փոքր պատանիներին գրավիչ դարձնել կենսաբանությունը, այլև հիանալի օրինակ ծառայել նրանց համար։ Տակավին երիտասարդ մանկավարժը խոստովանում է. «Մեծ հաճույքով եմ աշխատում աշակերտների հետ։ Այն ոգևորությունն ու դրական լիցքերը, որ ստանում եմ ամեն անգամ դասարան մտնելիս, անբացատրելի է»։

Դպրոցում՝ ուսուցիչներին, համալսարանում դասախոսներին հպարտանալու առիթներ Էրիկը սիրում է տալ։ Հանրապետական օլիմպիադաների բազմակի մասնակիցը երկու անգամ «Լավագույն ուսանող» մրցույթում է աչքի ընկել։ Նա «Լավագույն ուսանող-2015»-ին բժշկագիտության գծով երկրորդ մրցանակին է արժանացել, իսկ «Լավագույն ուսանող-2017»-ին առաջին պատվավոր տեղը զբաղեցրել՝ բնական գիտությունների գծով։

Ակտիվ կենսաբանը ոլորտի առջև դրված խնդիրներին ոչ միայն ծանոթանում, այլև փորձում է լուծում տալ արդեն երկու տարի։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբում Էրիկն ընդգրկվել է, երբ դեռևս երրորդ կուրսի ուսանող էր։ Պրպտող ու եռանդուն ուսանողին նկատել ու իր գլխավորած թիմում աշխատելու առաջարկ է արել հետազոտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը։

Թիրախային վիրուսը, որի դեմ այսօր պայքարում են խմբի անդամները՝ փորձելով գտնել ամենաօպտիմալ հակավիրուսային միջոցը, խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսն է։ «Այս հիվանդության դեմ առայժմ կիրառվող վակցինաներ ու հակավիրուսային նյութեր չկան։ Հիմա մենք նմանատիպ հակավիրուսային նյութերի ակտիվությունն ենք փորձում։ Վերջերս մեր խումբը հայտնաբերել է գենիստեին կոչվող նյութը, որն ազդում է վիրուսի ԴՆԹ-ի կրկնապատկման վրա»,-ասում է Էրիկը։ Խումբն ավելի արդյունավետ կկարողանար աշխատել, եթե  ձեռքի տակ ունենար հետազոտությունների համար անհրաժեշտ երկու սարքերը, որոնց արժեքը մոտավորապես 15 հազար ԱՄՆ դոլար է: Համենայնդեպս, նրանք լիահույս են, որ այդ հարցում պետությունը կաջակցի իրենց:

Խոզերի մոտ հանդիպող ու տնտեսությանը մեծ վնասներ հասցնող այս հիվանդությունը բուժելու համար, Էրիկի խոսքով, պետք է գտնել մատչելի նյութեր։ Թանկարժեք դեղանյութ հայտնաբերելն անիմաստ կլինի, քանի որ այն լայն կիրառություն չի կարող ունենալ։

Վիրուսների դեմ պայքարելու ցանկությունն Էրիկին «ուղեկցում» է վաղուց՝ միայն թե, ի սկզբանե ապագա կենսաբանի «թշնամիները» մարդկանց մոտ հանդիպող վիրուսներն էին։ Բնության ու մարդու հանդեպ սերը, որ նրա մասնագիտական կողմնորոշման հիմքում էին, մարդկային կյանքին սպառնացող հիվանդությունների հետ համատեղվել չէին կարող։ «Միշտ ցավ եմ զգացել, երբ հանդիպել եմ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու՝ առավելևս փոքրիկի»,-ասում է Էրիկն ու հավելում։-Ես հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ այսօր անբուժելի կամ թերի բուժելի համարվող հիվանդությունները կբուժվեն»։

Նպատակասլացությունն ու եռանդը, որով այսօր աշխատում է ապագա կենսաբանը, հավատ են ներշնչում, որ, իրոք, հեռու չէ այն օրը, երբ մարդկանց համար մշակված հակավիրուսային նյութերի հայտնաբերողների շարքում կհայտնվի նաև Էրիկ Արաբյան անուն-ազգանունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում