Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատող 845 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատող 845 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար երկրում ձերբակալվել է 845 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շարժման հետ կապված երկրում 85 բողոքի ակցիա է կազմակերպվել, իսկ սոցիալական ցանցերում 648 գրառում և հրապարակում է արվել:

Նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե ձերբակալվածներից քանիսն են կալանավորվել կամ ազատ արձակվել:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում