Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի անդամներն առկա ներուժն առավել խորացնելու կարիք են տեսնում

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի անդամներն առկա ներուժն առավել խորացնելու կարիք են տեսնում

Հայաստանն ու Իրանը դեռևս լիովին չեն օգտագործել երկկողմ համագործակցության առկա ներուժը, ինչը ցանկանում են լրացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների 15-րդ նիստի արդյունքում:

Այս մասին Երևանում հայտարարեցին նիստի համանախագահներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է եղել` էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներից: «Անցնող մեկ տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի շրջանակում նախանշված ծրագրերը բավականին հավակնոտ, բայց իրատեսական էին, ինչի համար պահանջվում էր ամենօրյա հետևողական աշխատանք: Այսօր, չսպասելով փորձագիտական քննարկումների արդյունքներին, արդեն կարելի է հստակորեն հայտնել, որ մենք մեր առջև դրված խնդիրների համար կարողացել ենք լուծումներ առաջարկել»,-ասաց Աշոտ Մանուկյանը:

Նախարարն ընդգծեց բարձրաստիճան փոխայցերի կարևորությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` հիշեցնելով 2017 թվականի հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները: Այդ թվում` Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ էլեկտրագծի կառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները:

Աշոտ Մանուկյանն արդեն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ երկկողմ համագործակցության ընդլայնմանը խանգարող ոչինչ չկա: «Իհարկե, մեր ներուժը մինչև վերջ դեռևս օգտագործված չէ, և միջկառավարական հանձնաժողովի նիստերը, նման հանդիպումները նպաստում են այն խնդիրների լուծմանը, որոնք գոյություն ունեն այդ ճանապարհին»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է երկու կողմերի գործարարների կողմից բարձրաձայնվող հարցերին` կապված մեր երկրներում օրենսդրական համահարթեցման անհրաժեշտության հետ, ապա նախարար Մանուկյանը վստահեցրեց, որ մի կողմից «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, մյուս կողմից` «Արաս»-ը, կարող են նպաստել այս հարցերի կարգավորմանը: «Վստահ եմ, որ այս երկու ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը կնպաստի այն օրենսդրական խնդիրների համահարթեցմանը, որոնց մասին խոսում եք: Իհարկե, օրենսդրությունները մեր երկրներում տարբեր են, դրանք կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, բայց երկու ազատ տնտեսական գոտիները կնպաստեն նման հարցերի կարգավորմանը»,-հավելեց պաշտոնյան:

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն էլ նշեց, որ Իրանի ու Հայաստանի լավ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի էլ ավելի սերտացմանը: «80-միլիոնանոց շուկա ունեցող Իրանը Հայաստանին դիտարկում է որպես պատուհան ԵԱՏՄ 170-միլիոնանոց շուկա: Մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև ավելի մեծ ներուժ կա, որը լավագույնս չի օգտագործվել, մենք որպես հանձնաժողովի համանախագահներ, մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին՝ իրագործելու այդ աշխատանքը»,-նշեց Ռեզա Արդաքանիանը:

Շեշտադրելով երկկողմ կարևորության մի շարք համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` իրանցի պաշտոնյան ընդգծեց, որ տնտեսական համագործակցության համատեքստում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը:

Նա նաև շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Արաքս գետն աղտոտվածությունից մաքրելու հարցում ցուցաբերված աջակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում