Պատմության շիտակ կողմը. ամերիկահայերը Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են կազմակերպել

Պատմության շիտակ կողմը. ամերիկահայերը Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են կազմակերպել

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացմամբ՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշել է, որ ցուցարարներն իրենց խոսքն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին այլեւ՝ Միացյալ Նահանգներին:

«Մենք Ամերիկայի կառավարությանն ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնել»,-ասել է Արամ Համբարյանը:

Բողոքի հավաքված հայերը հիշատակել են Սումգայիթին հետեւած բազմաթիվ վայրագություններ՝ Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործի կողմից քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանից մինչեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մահից հետո գլխատված Քյարամ Սլոյան:

«Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիեւը եւ իր բանակը առիթ ունենան, նորից այդպիսի սպանդ կիրականացնեն հայերի դեմ», – նշել է Արամ Համբարյանը:

Խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն Սումգայիթում փետրվարի 27-29-ը զոհվել է 26 հայ, սակայն Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրից ավելի է: Հատկանշական է նաեւ, որ խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կոծկել սպանդի փաստը: Այսպես, փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթում արդեն սպանում ու բռնաբարում էին Խորհրդային Միության խաղաղ հայազգի քաղաքացիներին, «Время» լրատվական ծրագիրը պատմում էր Իսրայելում եւ Պանամայում բախումների մասին՝ խուսափելով Սումգայիթի ջարդերի որեւէ հիշատակումից:

Ընտանիքով բողոքի եկած Հայկանուշ Կազանչյանը ցանկանում է Սումգայիթի ողբերգության մասին հայտնել ամբողջ աշխարհին: «Շատ կարեւոր է, որ աշխարհում իմանան, որ չի մոռացվում այսպիսի իրադարձությունը»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում