Նախարար Կարայանը ՀՆԱ 7,5 տոկոս աճը տպավորիչ ցուցանիշ է համարում Հայաստանի տնտեսության համար

Նախարար Կարայանը ՀՆԱ 7,5 տոկոս աճը տպավորիչ ցուցանիշ է համարում Հայաստանի տնտեսության համար

ՀՀ կառավարությունը տնտեսական աճի արձանագրված բարձր ցուցանիշներով չի բավարարվելու և թիրախավորելու է դրա կայունությունն ու աճի ներառականությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀՆԱ 7,5 տոկոսանոց աճի վերաբերյալ «Արմենպրես»-ին հարցին:

-Պարոն նախարար, Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց 2017 թվականի Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Ի՞նչ պատկեր ունենք, և որ ոլորտներով է տնտեսական աճը հիմնականում ապահովվել:

-2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7.5%, ինչը վերջին տասնամյակի համատեքստում բավականին տպավորիչ ցուցանիշ է մեր տնտեսության համար։ ՀՆԱ աճին ամենամեծ նպաստել են ծառայությունները՝ 3.6 տոկոսային կետով և արդյունաբերությունը՝ 1.8 տոկոսային կետով։ Ընդ որում, արդյունաբերության 10.4% աճի շնորհիվ, որն առանձնանում է տարիներ ի վեր գրանցված ցուցանիշներից (բացառությամբ 2011 թվականի՝ 13.6%-ով աճից), արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ 17.%-ի, որը 2006 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ ՀՆԱ աճին նպաստել են նաև առևտուրը՝ 1.7 տոկոսային կետով և շինարարությունը 0.2 տոկոսային կետով։ Չնայած վերջինիս փոքր նպաստմանը, այն վերջին 4 տարիների նվազումների ֆոնին բավականին լավատեսական լիցք է հաղորդում։ Ցանկանում եմ ընդգծել, որ արձանագրված բարձր ցուցանիշներով չենք բավարարվելու և թիրախավորելու ենք վերջինիս կայունությունն ու աճի ներառականությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում