Թուրքիայի վարչապետը չի զլացել կրկնել ԼՂ հակամարտության վերաբերյալ չարչրկված մտքերը

Թուրքիայի վարչապետը չի զլացել կրկնել ԼՂ հակամարտության վերաբերյալ չարչրկված մտքերը

Թուրքիայի իշխանությունները, որոնք 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ համաձայնել էին սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների, դրան հաջորդող ժամանակահատվածում այդպես էլ չկարողացան հավատարիմ մնալ արձանագրությունների ոգուն: Պաշտոնական Անկարան մինչ օրս հարաբերությունների կարգավորումը շարունակում է պայմանավորել տարբեր գործոններով, որոնց շարքում թերևս առաջնայինը Ղարաբաղյան հակամարտությունն է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Թուրքիայի անհարկի և կողմնակալ միջամտությունը, որի առավել ցայտուն օրինակին ականատեսը եղանք 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, ևս մեկ պատճառ էր, որպեսզի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեր, որ արձանագրությունների «կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը մինչև 2018 թվականի գարուն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»:

Այս մասին ավելի ուշ բարձրաձայնեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ օրեր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովին ՀՀ Նախագահը վերջին անգամ նախազգուշացրեց Թուրքիային արձանագրությունների առաջիկա ճակատագրի մասին:

Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսելով հայկական կողմի նախազգուշացնող հայտարարությունը, այս ընթացքում ևս շարունակեց հանդես գալ ամպագոռգոռ հայտարարություններով՝ թե Հայոց ցեղասպանության, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 27-ին մասնակցել է Խոջալուի դեպքերին վերաբերող ցուցահանդեսի, որի ժամանակ կրկնել է ավանդական դարձած «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը՝ հայտարարելով, թե իրենք մշտապես աջակցելու են իրենց «ադրբեջանցի եղբայրներին»: Նա չի զլացել կրկնել հայերի «օկուպացված տարածքներից հեռանալու» մասին թուրքական չարչրկված միտքը:

«Պետք է լավ իմանալ սեփական պատմությունը»,– ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է այն երկրի վարչապետը, որը համառորեն խուսափում է սեփական անցյալի հետ առերեսումից:

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության ոգուն հակասող նման գործելաոճը, թերևս, լավագույն ապացույցն է նրա, որ թուրքական իշխանությունները ի սկզբանե անկեղծ չեն եղել «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում