Ադրբեջանում 4-րդ դասարանի աշակերտն ինքնասպանություն է գործել. պատճառները դեռևս հայտնի չեն

Ադրբեջանում 4-րդ դասարանի աշակերտն ինքնասպանություն է գործել. պատճառները դեռևս հայտնի չեն

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի բնակիչ 2007թ. ծնված Հաֆիզ Նազիմ օղլու Մամեդովը, ով սովորում էր 4-րդ դասարանում, ինքնասպանություն է գործել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` դեպքը գրանցվել է փետրվարի 28-ի երեկոյան:

Մամեդովի դին հայտնաբերվել է իրենց տան բակում գտնվող փոքրիկ շինության մեջ կախված վիճակում:

11-ամյա Մամեդովի ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է քննություն:

Մեկ այլ շրջանում` Գյանջայում գրանցվել է ինքնահրկիզման դեպք:

Գյանջայի շրջանի բնակիչ 1983թ. ծնված Ասգերով Զաման Շամիլ օղլուն ինքնահրկիզվել է:

Տղամարդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Գյանջայի հիվանդանոց:

Փետրվարի 27-ին Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Մորանլը գյուղի բնակիչ 1977թ. ծնված Հուսեյնով Վուգար Ալիֆաղա օղլուն ինքն իրեն դանակահարել էր: Տղամարդը տեղափոխվել էր Շիրվանի քաղաքային հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Ապշերոնի շրջանի Հոքմալի գյուղի բնակիչ 1962թ. ծնված Շըխահմեդով Ալիզադե Վեքիլ օղլուն իր տանը փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն ինքնասպան է եղել:

Ադրբեջանում ամեն օր առնվազն մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում, լինում են օրեր, երբ ինքնասպանությունների թիվը հասնում է 3-4-ի:

Եթե հաշվի առնենք, որ սա միայն ԶԼՄ-ներում հրապարակված և պաշտոնապես հաստատված վիճակագրություն է, դժվար չէ պատկերացնել, որ իրականում ինքնասպանությունի թիվն ավելի մեծ է:

Փորձագետները մարդկանց ինքնասպանություն գործելու հարյուրավոր պատճառներ են նշում, սակայն Ադրբեջանում տեղի ունեցող ինքնասպանությունների գլխավոր պատճառներն են համարվում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը, խոսքի ազատության խիստ սահմանափակմամբ և կամայական չհիմնավորված ձերբակալություններով ուղեկցվող ժողովրդավարության բացակայությունը, ինչը մարդկանց մոտ սուր հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Այդ երկրի ԶԼՄ-ների հաղորդած տվյալներն էլ ոչ միշտ է, որ արտացոլում են իրական պատկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում