Ադրբեջանական ընդդիմության առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 10-ին

Ադրբեջանական ընդդիմության առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 10-ին

Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու 2018թ. մարտի 10-ին: Հանրահավաքի անցկացման վայր է ընտրվել Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր իշխանության ղեկավար Գյուլագա Ասլանլին:

Ասլանլին նշել է, որ հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու նպատակով Բաքվի քաղաքապետարան դիմում է ուղարկվել:

«Դիմումը ստորագրվել է Ադրբեջանի «Ազգային խորհրդի», «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից»,- նշել է նա:

Ասլանլիի խոսքով` հանրահավաքը անց է կացվելու «Ոչ միապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին, ոչ կոռուպցիային, բողոքում ենք գնաճի դեմ» կարգախոսների ներքո:

Հանրահավաքին կարող է միանալ նաև «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժումը, սակայն այդ որոշումը կկայացվի միայն այն բանից հետո, երբ այս ամենի վերաբերյալ իր կարծիքը հայտնի շարժման ազատազրկված առաջնորդ Իլգար Մամեդովը:

«Մամեդովի և նրա փաստաբանի հանդիպումը տեղի է ունենալու ուրբաթ օրը` մարտի 2-ին»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում