Գասպար Կարապետյանին ձերբակալելու դիմումով Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իր հասցեին հնչող մեղադրանքները. Կիրո Մանոյան

Գասպար Կարապետյանին ձերբակալելու դիմումով Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իր հասցեին հնչող մեղադրանքները. Կիրո Մանոյան

Ադրբեջանը Գասպար Կարապետյանին ձերբակալելու՝ Ինտերպոլին ներկայացրած դիմումով և շատ այլ քայլերով փորձում է հավասարակշռել կաշառք տալու և այլ միջոցներով բարեկամներ գտնելու իր ջանքերի արդյունքում հնչող մեղադրանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին մեղադրում է երկու հանցանքում: Նախ` նրան մեղադրում են իրենց պետության դեմ քարոզչություն կատարելու և 2014-2018 թթ. Ադրբեջանի պետական սահմանն իբր անօրեն կերպով հատելու համար՝ նկատի ունենալով Արցախ կատարած այցելությունները: Եվ հետևապես որոնման և ձերբակալման համար դիմել են Ինտերպոլին: Ինտերպոլն առայժմ չի հայտարարել, թե որոնում է Գասպար Կարապետյանին»,-ասաց Մանոյանն ու հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ հայ կամ այլ ազգի որևէ մեկը, ով այցելում է Արցախ, հալածանքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից:

Նրա խոսքով՝ Գասպար Կարապետյանի նկատմամբ ադրբեջանական այդ գործողությունները նորություն չեն: Դիմում ներկայացնելու նախորդող օրերին իրենք նաև տարբեր լեզուներով ստահոդ հոդված են հրապարակել՝ Կարապետյանին անհիմն մեղադրելով ինչ-ինչ գործողությունների մեջ: «Նրանց գրած ապատեղեկատվության համաձայն՝ իբր Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ՝ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ Հայաստան և Արցախ է բերում եվրոպացի և Եվրախորհրդարանի պատգամավորների և իբր նրանց այստեղ պահում ճնշման տակ»,-նշեց Մանոյանը:

Նա հետաքրքիր համարեց նաև, որ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան ևս դիմել է Չեխիային Սիրիայի քրդական կազմակերպություններից մեկի ղեկավարին ձերբակալելու համար: Նրան ձերբակալել և անմիջապես ազատ են արձակել: Մանոյանի կարծիքով՝ սա քաղաքական հակառակորդներին հալածելու իրենց ոճն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում