Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշը մեզ ևս ուրախացնում է. Գիորգի Կվիրիկաշվիլի

Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշը մեզ ևս ուրախացնում է. Գիորգի Կվիրիկաշվիլի

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև Երևանում տեղի ունեցած բանակցություններում քննարկվել են տարբեր ուղղություններով համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Այդ մասին ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններն ամփոփելիս: «Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր՝ դրանք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ, այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն»,- ասաց Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով, քննարկվել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը և իհարկե ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: «Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևոր է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, և ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա»,- ասաց Վրաստանի վարչապետը:

2017-ի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի 7,5 տոկոսանոց աճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում