Կիրո Մանոյանի կարծիքով` ստորագրված, բայց չվավերացված հայ-թուրքական արձանագրությունները միայն վնասում էին Հայաստանին

Կիրո Մանոյանի կարծիքով` ստորագրված, բայց չվավերացված հայ-թուրքական արձանագրությունները միայն վնասում էին Հայաստանին

Հայաստանը չպետք է ջանքեր գործադրի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու, մինչ այդ երկրում չձևավորվի այնպիսի կառավարություն, որը պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել և հանել ցամաքային շրջափակումը:

Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Մենք ողջունում ենք ՀՀ Նախագահի որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման մասին: Եթե մինչ մարտի 1-ը քաղաքականորեն, ապա ներկայում նաև իրավականորեն գոյություն չունեն այդ արձանագրությունները: Մենք դրանցում տեսնում էինք առնվազն երկու դրույթներ, որոնք բավարարում էին Թուրքիայի նախապայմաններից երկուսին՝ փաստացի սահմանը որպես իրավական սահման ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը: Այդ արձանագրության գործածումը Հայաստանի միայն կարող էր վնաս հասցնել: Իսկ այն վիճակը, որն առկա էր մինչ մարտի 1-ը, այսինքն՝ ստորագրված, բայց չվավերացված, ոչ միայն օգուտ չէր տալիս Հայաստանին, այլ նաև վնաս էր»,-ասաց Մանոյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, երբ Թուրքիային հիշեցրել էր արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման մասին, Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել էր հայկական կողմին: «Նրանց խոսքով՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2010-ի հունվարի որոշումը, որը վերաբերվում էր արձանագրությունների սահմանադրության համապատասխանելիությանը, դուրս էր թողել արձանագրության բուն նպատակը: Եվ դա էր իբր հիմնական պատճառը, որ Թուրքիան չէր վավերացնում արձանագրությունները: Իրենք ցանկանում էին նաև, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն զուգահեռ տարածաշրջանում ստեղծվի ավելի կայուն մթնոլորտ: Իսկ դա, ըստ իրենց, տեղի կունենար, եթե Արցախի հարցը կարգավորվեր իրենց պատկերացված ձևով»,-ասաց Մանոյանը:

Մանոյանը այս հարցում տեսնում է նաև միջազգային համայնքի մեղքը, միջնորդ երկրներից կողմից խնդիրներին չարձագանքելու պատրաստակամությունը: «Հայաստանի երեք նախագահներն էլ փորձել են Թուրքիայի հետ ինչ-որ ձևով դիվանագիտական հարաբերություններ սկսել, սակայն չի ստացվել: Կարծում եմ՝ մենք այդ ուղղությամբ չպետք է ճիգ գործադրենք մինչ Թուրքիայում չձևավորվի այնպիսի կառավարություն, որը պատրաստ կլինի առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և հանել ցամաքային շրջափակումը»,-եզրափակեց Մանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում