Հակաբիոտիկներից մինչև սննդի արդյունաբերություն. նորարարական կենտրոնը տեխնոլոգիական կլաստեր կարող է դառնալ

Հակաբիոտիկներից մինչև սննդի արդյունաբերություն. նորարարական կենտրոնը  տեխնոլոգիական կլաստեր կարող է դառնալ

Տարածաշրջանում եզակի կենտրոնը` իրականություն

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` մինչև 2050 թվականը մոլորակի բնակչության մոտ էներգիայի սպառման պահանջը կավելանա մոտ երեք անգամ: Ըստ այդմ՝ տեսանելի ապագայում էներգետիկ ճգնաժամում չհայտնվելու համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումն, առաջին հերթին, նավթ ու գազ չունեցող երկրների համար առաջնահերթություն է արդեն մի քանի տարի։ Էներգիայի հանածո աղբյուրների կրճատմանը զուգահեռ վերականգնվողների ավելացումը հուսադրում, նույն տեմպերով շարունակելու նպատակն էլ ոգևորում է։ Պետական ճիշտ քաղաքականության դեպքում մինչև 2050թ. էներգիայի այլընտրանքային աղբյուրները պետք է ապահովեն ողջ մարդկությանն անհրաժեշտ էներգիայի առնվազն 50 տոկոսը, ընդ որում՝ զգալի մասը ստանալով կենսաբանական մեթոդներով:

Նավթ ու գազ չունեցող, բայց արդյունաբերական ձեռնարկություններով ոչ աղքատ Հայաստանում ևս կենսաբանական թափոններն արդյունավետ կառավարելու քաղաքականություն է փորձում ներդնել 2015-2017 թթ. «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի դրամաշնորհի շրջանակներում հիմնված ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական նորաբաց կենտրոնը։ ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության, Համաշխարհային Բանկի և ԵՊՀ համաֆինանսավորմամբ կառուցված կենտրոնը իր հագեցվածությամբ ոչ միայն արտասահմանցի հյուրերին է զարմացրել, այլև տարածաշրջանային նշանակություն ձեռք բերել։ «Ունենք անթթվածնային խցիկ, որը թույլ է տալիս աշխատել անթթվածին պայմաններում, կենսագործընթացների կառավարման համակարգ՝ մինիֆերմենտյոր, որը երեք վայրկյանը մեկ 16 չափում է կատարում և իր ֆունկցիոնալությամբ Արևելյան Եվրոպայում միակն է, քրոմատագրեր, որոնք թույլ են տալիս ճշգրտորեն որոշել այս կամ այն հեղուկի բաղադրությունը, մինչև -80 աստիճան սառեցնող սառնարան և այլն։ Բայց ամենակարևորն այն է, որ բոլոր այդ սարքավորումները տեղադրված են մեկ վայրում, ինչը հնարավորություն է տալիս արտադրական ողջ ցիկլը՝ շտամից մինչև վերջնական պրոտոտիպը՝ լաբորատոր նախատիպն ապահովել»,-ասում է «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանը։

Ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանալու դեպքում կենտրոնը կդառնա տեխնոլոգիական կլաստեր, որն ունիվերսալ հարթակ կդառնա հայաստանյան տարբեր բուհերի, ակադեմիական ինստիտուտների և արտադրական ձեռնարկությունների համար. այստեղ կբերվեն անլուծելի թվացող խնդիրներն ու կփորձեն գտնել դրանց լուծումները։ «Սա դեռ հեռահար նպատակ է,-ժպտում է Կարենն ու ներկայացնում դեպի գլխավոր նպատակ տանող ուղին՝ քայլ առ քայլ։ -Նախ՝ մենք պետք է կարողանանք արտադրողներին հասկացնել, որ ունենք թափոնների վերամշակման համար մշակած տեխնոլոգիա և նրանց ապացուցենք դրա արդյունավետությունը։ Այնուհետև անհրաժեշտ է նրանց ներկայացնել մեր հնարավորությունները, մատնացույց անել այն մասնագետներին, որոնց կարիքն ունեն, որպեսզի ոչ թե դրսից մասնագետ հրավիրեն, այլ մեր ներուժն օգտագործեն։ Ճիշտ է, արտասահմանում այդ գործով գիտական կենտրոնը չէ, որ զբաղվում է։ Նախ այնտեղ արտադրողն է պատվեր տալիս: Եթե այս կամ այն արտադրությունը որևէ մասնագետի կարիք է ունենում, նրան պատրաստելու համար պետք է վճարի։ Հայաստանում չկա այդ պրակտիկան, արտադրողը չի ուզում ներդրում անել, քանի որ դա ռիսկային է ու բացի այդ, արդյունք ստանալու համար երկար պետք է սպասի, բայց բարձրակարգ մասնագետ է ուզում։ Համոզված եմ, որ այդ մտածելակերպը վաղ թե ուշ կփոխվի, այլապես հնարավոր չի լինի զարգանալ։ Բայց, քանի դեռ ունենք այն, ինչ ունենք, չկա նաև օղակ, որը գիտությունը կկապի արտադրությանը՝ համակարգելով պահանջմունքներն ու առաջարկները, ստիպված ենք այդ ամենով մենք՝ կենտրոնի գիտաշխատողներս զբաղվել»:

Մարտահրավերներին համաքայլ

Էներգիայի հանածո աղբյուրների սպառման վտանգը, տարբեր հիվանդություններով պայմանավորված մահացությունների մտահոգիչ վիճակագրությունը, հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամներն ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ մանրէաբանների առաջ են նորանոր խնդիրներ դնում։ Դրանց լուծումները տալու և նոր մարտահրավերներին դիմակայելու համար ՆՄՀ ծրագրի շրջանակներում նոր մագիստրոսական ծրագիր է մշակվել՝ «Կիրառական մանրէաբանություն և նորարարական տեխնոլոգիաներ» անվամբ, որը կգործի եկող ուսումնական տարվանից։ Հավանական է, որ նախատեսվող ծրագիրը նաև անգլերեն լեզվով կներդրվի, որպեսզի արտասահմանյան բուհերից ցանկացողները կարողանան կրթությունը շարունակել այստեղ։ Բացի այդ, փոփոխություններ են կատարվել նաև գործող ծրագրում. «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրում ընթացիկ ուս. տարվանից երկու նոր առարկա է ներդրվել՝ «Մանրէների կենսատեխնոլոգիա» և «Կենսաանվտանգության հիմունքներ»։ Ահա թե ինչու կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Թռչունյանը վստահորեն ասում է. «Մեզ մոտ սովորող ուսանողն ավարտելուց անմիջապես հետո, առանց վերապատրաստման կարող է արտադրություն մտնել։ Ստեղծված պայմանները լայն հնարավորություններ են տալիս թե´ գիտական, թե´ կիրառական ուղղությամբ շարունակել ցանկացողներին»։

Գիտական ղեկավարի խոսքը կրկնում ու հաստատում է մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Կարապետյանը. «Այն սարքերը, որոնք արդեն կան կենտրոնում, հնարավորություն են տալիս անձամբ ուսումնասիրել այն, ինչը տեսականորեն գիտենք և ինչին համակարգչով ենք միայն ծանոթացել: Դրանք օգնում են մեզ բարձրանալ նոր մակարդակի վրա և արդեն վստահ մտնել արդյունաբերություն»:

Ի տարբերություն Լուսինեի, ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Միրզոյանը որոշել է՝ գիտությամբ է զբաղվելու. «Այստեղ կկարողանանք կատարել նոր բացահայտումներ, որոնցով հանդես կգանք թե´ միջազգային գիտաժողովներին, թե´ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում»:

Այն, որ կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ ԵՊՀ-ից դուրս կգան ավելի պատրաստված ու արդյունավետության բարձր գործակցով մանրէաբաններ, Կարենը չի կասկածում ու, թերևս, իր համար առանձնացնում է ամենակարևոր հանգամանքը. «Ինձ ամենաշատն ուրախացնում է ուսանողների ոգևորությունը։ Գիտե՞ք դա ինչքան կարևոր է։ Երբ տեսնում եմ, թե ինչ ոգևորությամբ են առավոտից իրիկուն, առանց վարձատրության աշխատում, հիանում եմ։ Հուսով եմ՝ նրանց այդ էնեգիան ու ձգտումը չի սպառվելու»։

Կենտրոնի հետ կապված հեռահար նպատակների շարքում Կարենը վաղուց ներառել է նաև կենսատեխնոլոգիական ստարտափները: Աշխարհում թափ ստացած ուղղությունը զարգացնելու ցանկությունը մեծ է, հեռանկարներ էլ կան, բայց սկզբի համար մեծ ներդրումներ են պետք:

Մեծ միջոցներ պահանջող նպատակները հետոյին թողնելով` կենտրոնում համագործակցության շրջանակներն են ընդլայնում: Բառացիորեն մի քանի օր առաջ բացված կենտրոնը հասցրել է զարմացնել ու հետաքրքրել մեծ թվով արտասահմանցի հյուրերի: Նիդեռլանդների Հանզեի Կիրառական գիտությունների համալսարանի հետ արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հետազոտությունների համար բոլոր պայմաններն ունեցող համալսարանում հայ մանրէաբանների գաղափարները փորձնական փուլ կանցնեն: Սեփական փորձով ու գաղափարներով Հանզեի համալսարանականների հետ կիսվելու նպատակով Կարեն Թռչունյանը մայիսին կմեկնի Նիդեռլանդներ:

Ավելի վաղ, երբ կենտրոնը դեռ պաշտոնապես չէր բացվել, դրվեցին Միջազգային կենսատեխնոլոգիական լաբորատորիայի հետ համագործակցության հիմքերը: Ռուսաստանի Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղակայված լաբորատորիայի հետ կենտրոնը թափոնների մշակման ուղղությամբ համատեղ ծրագիր է իրականացնում։ Պետք է նշել որ այս լաբորատորիայի աշխատանքներին են մասնակցում նաև Նիդերլանդները և Ղազախստանը։ ՌԴ միակ կենսագազային կայանում, որտեղ կենսագազ են ստանում տարբեր թափոններից, կենսագազի տոկոսն ավելացնելու նպատակով հայ գիտնականների առաջարկած գաղափարը հաջողելու դեպքում դա կլինի միակ կայանը, որը կունենա կենսագազի արտադրության ամենաբարձր արդյունավետությունը ողջ աշխարհում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կարեն Թռչունյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում