Ռումինիայի Հայոց Թեմում Սումգայիթյան զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Ռումինիայի Հայոց Թեմում Սումգայիթյան զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Բուխարեստում և Ռումինիայի Հայոց Թեմի մյուս հայաշատ քաղաքներում մարտի 4-ին հավարտ կիրակնօրյա Ս. Պատարագի տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ` նվիրված Սումգայիթի ջարքերի տարելիցին:

Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինահայոց Միության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս հիշեցրեց ներկա հավատավոր բազմությանը Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձությունների մասին՝ մասնավորապես նշելով. «Այն, ինչ հայ ազգաբնակչության հետ Սումգայիթում կատարվել է 1988թ. և դրանից հետո, ցեղասպանություն է: Կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը: Հայերը կոտորվեցին մի պարզ պատճառով, որ հայ էին և քրիստոնյա: Սակայն ոճրագործները չկարողացան կոտրել հայի ոգին, կամքի ուժը, ազատության ձգտումը: Ինչպես բազում անգամներ պատահեցին պատմության ընթացքում, այս անգամ էլ հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձավ, վեր հառնեց մոխիրներից, վերածնվեց և Արցախի ազատագրումով ապտակ հասցրեց ոսոխին: Արցախը եղել է, կա ու պիտի մնա հայկական հող, որևէ ազգ չի կարող նկրտումներ ունենալ Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և մեր աղոթքի ձայնն ենք միացնում միլիոնավոր հայերի ձայներին, որոնք այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում են Սումգայիթյան իրադարձությունները»:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև: Խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը՝ մասնավորապես նշելվ. «1988թ. Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայ ժողովրդի զավակները ենթարկվեցին սոսկալի սպանդի: Սա ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր հայ ժողովրդի այն արդար պահանջի, որով ուզում էին բացառապես խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին: Այս ոճրագործությամբ փորձ արվեց ճնշել հայության պահանջը, ինչը սակայն հակառակ ազդեցությունն ունեցավ՝ վերածվելով համաժողովրդական շարժման: Սկսվեց պատերազմ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը անցավ իրական հասցեատերերին, ստեղծվեց Արցախի Հանրապետությունը, և սա, վստահաբար հայերիս ամենաճիշտ և արդար պատասխանն էր Սումգայիթյան դեպքերին: Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը Հայոց Եկեղեցու, դիվանագիտական ներկայացուցչությունների և հայկական կառույցների միջոցով ոգեկոչում և մեկ անգամ ևս դատապարտում է այս ոճրագործությունը: Մենք էլ այսօր միասնաբար, համախմբված Բուխարեստի Հայոց Տաճարի բակում, մեր խոնարհումն ենք բերում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և դատապարտում նմանատիպ ցանկացած ոճիր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում