Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը կարող է ներառվել պատվավոր կոչումների շարքում

Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը կարող է ներառվել պատվավոր կոչումների շարքում

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ այս հարցերը կարգավորվում են բացառապես օրենքով և նաև պարգևատրման համար նախատեսվում է շքանշանների և մեդալների տրամադրում, այսինքն` հատուկ կոչումները, որ կային գործող օրենքում, այլևս Սահմանադրության տրամաբանության մեջ չեն տեղավորվում»,- ասաց Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությունն այլևս հատուկ կոչումով պարգևատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով Ազգային հերոս կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է և նախատեսվել է նոր շքանշան, որը կոչվում է Հայրենիքի շքանշան: Մենք օրենքով հստակեցնում ենք, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրած անձը հանդիսանում է Հայաստանի Ազգային հերոս: Այս կարգավորումը մենք արել ենք այն պատճառով, որ Սահմանադրությամբ հանրապետության նախագահը բարձրագույն կոչում շնորհելու լիազորություն չունի, այլ պարգևատրման համար նախատեսվում է շքանշանների և մեդալների տրամադրում և միայն պատվավոր կոչումների շնորհում»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ փոխնախարարը հայտնեց, որ անցումային դրույթներում հստակեցրել են, որ մինչև այս օրենքի ընդունումը Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը պահպանվում է իր ուժը և այդ կոչմանն արժանացած անձինք և նրանց ընտանիքները ստանալու են նույն արտոնությունները, որոնք ստանում էին մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի ազգային հերոս համարվելու է այն անձը, ով պարգևատրվելու է Հայրենիքի շքանշանով: Նա ընդգծեց, որ հարկավոր է ձևակերպումն օրենքում այնպես տալ, որ անձը, ով ստանում է Հայաստանի ազգային հերոսի կոչում, պարգևատրվում է Հայրենիքի շքանշանով, այլ ոչ թե այդ շքանշանով պարգևատրվող անձը կհամարվի Հայաստանի ազգային հերոս:

Քննարկմանը միջամտեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ևս մեկ անգամ հստակեցնելով, որ գնացել են նման կարգավորման, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին այլևս բարձրագույն կոչում շնորհելու լիազորություն տրված չէ, իսկ իրենք չեն ցանկացել Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը ներառել պատվավոր կոչումների շարքում: «Որպեսզի մենք այդ բարձրագույն կոչումը նույն հարթության մեջ չդնենք պատվավոր կոչումների հետ, օրինակ, վաստակավոր բժշկի կամ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումների հետ, որոշեցինք տալ այս կարգավորումը, որ սահմանում ենք շքանշան, որով պարգևատրվող անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս»,- մանրամասնեց Հարությունյանը:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս խնդրահարույց համարեց նման ձևակերպումը՝ առաջարկելով օրենքում հստակ սահմանել Հայաստանի ազգային հերոս կոչումը և ներառել այն պատվավոր կոչումների շարքում, որպեսզի ավելի հստակ լինի: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց պատգամավորներին ներկայացնել առաջարկներ, նշելով, որ իրենց համար ընդունելի կլինեն այն առաջարկները, որոնք իսկապես Սահմանադրությանը չեն հակասի: Նա առաջարկեց օրենքի նախագիծը ներկայացված տեսքով ընդունել, իսկ առաջինից երկրորդ ռեժիմ ընկած ժամանակահատվածում կքննարկեն, թե ինչ ձևակերպում կարելի է տալ:

Նիստի կարճատև ընդմիջումից հետո Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախարարի հետ պայմանավորվել են օրենքի նախագիծը ներկայացված տեսքով ընդունել, սակայն խնդրահարույց դրույթի վերաբերյալ քննարկում իրականացնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: «Նախնական առաջարկը հետևյալն է, որ մենք Հայաստանի ազգային հերոսը դիտում ենք որպես պատվավոր կոչում և ՀՀ նախագահը Սահմանադրության ուժով օրենքով սահմանված կարգով տալիս է Ազգային հերոս պատվավոր կոչում, որը իրավական առումով որևէ տարբերություն չի տալիս, թե դա պարգևատրվում է մեդալով, թե այլ ձևով: Չկա այդ խնդիրը: Պարոն Հարությունյանը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արդեն համապատասխան ձևակերպումը կտա, և մենք կքննարկենք»,- եզրափակեց Կոստանյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ հարցն ընդգրկեց Ազգային ժողովի՝ մարտի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում