Գևորգ Կոստանյանը կառավարությանը կոչ արեց կարճ ժամանակահատվածում ԱԺ հանձնաժողովի քննարկմանը շատ նախագծեր չներկայացնել

Գևորգ Կոստանյանը կառավարությանը կոչ արեց կարճ ժամանակահատվածում ԱԺ հանձնաժողովի քննարկմանը շատ նախագծեր չներկայացնել

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Գևորգ Կոստանյանը կառավարությանը կոչ արեց կարճ ժամկետում շատ նախագծեր չներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Մարտի 5-ին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ տասնյակից ավելի նախագծեր են ընդգրկվել, որոնք պետք է ներառվեն մարտի 6-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում:

Նիստի մեկնարկին Գևորգ Կոստանյանը նշեց, որ այս անգամ իրենք կանցնեն այս փուլը, քանի որ ներկայացված օրենքների նախագծերը շուտ ընդունելու անհրաժեշտություն կա, սակայն հավելեց, որ կառավարության նման գործելաոճը իրենց համար անընդունելի է, երբ կարճ ժամկետում բազմաթիվ նախագծեր են ներկայացվում հանձնաժողովի քննարկմանը: «Մենք հիմա այս փուլը կանցնենք, սակայն հետագայում մեզ համար նման գործելաոճն անընդունելի է: Նման բան չի լինելու»,- հայտարարեց Կոստանյանը:

Ազգային ժողովը փետրվարի 28-ին փակ գաղտնի քվեարկությամբ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գևորգ Կոստանյանին: Քվեարկությանը մասնակցած 93 պատգամավորից 63-ը կողմ էր քվեարկել Կոստանյանի թեկնածությանը, 30-ը՝ դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում