Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական վտանգի պատճառով կշարունակի փակ մնալ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական վտանգի պատճառով կշարունակի փակ մնալ

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որն ավելի վաղ հայտարարել էր միայն մեկ օրով աշխատանքները դադարեցնելու մասին, մարտի 6-ին ևս փակ կլինի. պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ առկա վտանգի անցնելուն պես իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:

Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ բազմամարդ շրջաններից, դեսպանատան և դրա հարակից տարածքներից: Հայտնի զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելիս էլ հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել սեփական անվտանգությանն ու լինել զգոն:

Անկարայի նահանագապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ դեսպանատան կողմից ստացված հետախուզական տվյալների առնչությամբ, որոնց համաձայն հնարավոր են ահաբեկչական գործողություններ ԱՄՆ դեսպանատան կամ քաղաքացիների դեմ:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքները մարտի 5-ից: Նույն օրը քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով մեկ տասնյակից ավելի մարդկանց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում