Մասնագետը դեղատոմսով դեղեր գնելու հետ կապված ավելի շատ խուճապ է տեսնում, քան խնդիր

Մասնագետը դեղատոմսով դեղեր գնելու հետ կապված ավելի շատ խուճապ է տեսնում, քան խնդիր

Դեղատոմսով դեղեր գնելու հետ կապված իրականում ավելի շատ խուճապ կա, քան խնդիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

«Մարդիկ մտածում են, թե բոլոր դեղերն են դեղատոմսերով գնելու, կարծում են, որ ցավազրկող գնելու համար պետք է գնան բժշկի, որ դեղատոմս ստանան: Իրականում այդպես չէ, մարդիկ կարող են անվտանգ ցավազրկողները ձեռք բերել առանց դեղատոմսի»,-ասաց Աստղիկ Բաղդասարյանը:

Մասնագետի խոսքով՝ ոլորտի կարգավորումը կնպաստի, որ հիվանդը գտնվի բժշկի վերահսկողության ներքո, իսկ դեղատան աշխատողն էլ չկարողանա բժշկի նշանակած դեղատոմսը, չափաբաժինը փոխել:

«Դեպքեր են լինում, երբ դեղատոմսով դեղ ենք նշանակում, հիվանդը գնում է դեղատուն, այնտեղ աշխատակիցը, ով մասնագետ չէ, համապատասխան գիտելիքներ չունի, կասկածի տակ է դնում բժշկի նշանակածը, առաջարկում է փոխել չափաբաժինը, դեղաչափը: Դա անընդունելի է»,-ավելացրեց նա:

Խոսելով ընթացիկ աշխատանքից` Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ դեղատոմսով աշխատելու ընթացքում առայժմ խնդիրներ չեն եղել, բայց հասկանալի է, որ մեկ համակարգից մյուս համակարգին անցնելը ենթադրում է դժվարություն:

«Այն, որ ներկայում ամբողջ աշխարհում դիտվում է հակաբիոտիկների նկատմամբ միկրոբների կայունության աճ, դա նշանակում է, որ հնարավոր է մի քանի տարի անց հասարակ միկրոբը կարողանա սպանել մարդուն, որովհետև չկա արդյունավետ հակաբիոտիկ: Հատկապես զարգացող երկրներում, որտեղ անկանոն է հակաբիոտիկների նշանակումը: Այս դեպքում պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Պետք է աշխատել այս ուղղությամբ, որ խնդիրը լուծվի: Դեղատոմսի մոդելը վաղուց գործում է եվրոպական երկրներում»,-ասաց Աստղիկ Բաղդասարյանը: Նա նշեց, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բժիշկները այցելուների, պատկան մարմինների հետ օպտիմալ լուծում գտնեն ի հայտ եկած որոշ դժվարությունները հաղթահարելու համար: Նա ընդգծեց, որ սա պետք է ուղղված լինի հիվանդի առողջության պահպանմանը ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ իմաստով:

Պետք չէ պայքարել ճիշտ քայլի դեմ, այլ պետք է ճշտորեն կատարել այդ քայլը: Նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Նա նշեց, որ իր գործում դեղատոմսով աշխատելը բարդություն չի ներկայացնում: Մինչ այդ էլ նա աշխատել է դեղատոմսով:

«Դեղատոմսը ստիպում է հիվանդին լինել բժշկի հսկողության տակ: Մենք շատ տարվեցինք ինքնաբուժությամբ, որն ակնհայտ վնաս է: Ես կարծում եմ, որ ընդվզողները հիմնականում դեղի վաճառքով զբաղվողներն են, որովհետև կորցնում են շուկայի մենաշնորհը: Դեղատոմսը խիստ անհրաժեշտ է, շատ են դեպքերը, երբ մարդիկ ինքնաբուժությամբ են զբաղվում կամ մեկ անգամ նշանակված դեղը երկար ժամանակ խմում եմ, առանց հասկանալու դա պետք է, թե դրանով իրենց վիճակն են վատացնում: Այնինչ՝ հիվանդը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, բժիշկն էլ պատասխանատվություն կրի իր նշանակումների համար»,-հավելեց Անդրանիկ Ոսկանյանը:

ՀՀ կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում