Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1993թ-ին Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Եվգենի Պատոնի նախաձեռնությամբ: Այն միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուքմենստանի, Ուզբեկստանի գիտություննրի ակադեմիաները և Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիան:

2003թ-ից Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) պաշտոնական գործընկերն է, 2007թ-ին ստացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդի կարգավիճակ:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նպատակն է միավորել ԱՊՀ երկրների և Վիետնամի գիտությունների ակադեմիաների ջանքերը Խորհրդային Միության փլուզումից հետո համատեղ լուծելու գիտական խնդիրները, ամրապնդելու տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը և գիտական համագործակցությունը:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի առաջնահերթություններից է կառուցողական երկխոսություն ծավալել Համագործակցության երկրների պետական կառույցների հետ և նրանց ներկայացնել ասոցիացիայի անդամ գիտությունների ակադեմիաների և կազմակերպությունների գիտնականների հավաքական կարծիքը գիտությունների ակադեմիաների և գիտության զարգացման հարցերի վերաբերյալ:

Ներկայումս Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում