Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել է Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարն՝ ավելացնելով, որ այս պահին կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման` ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ մեր զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում