Առողջապահության նախարարությունը դեղատների առջև դեղատոմսեր գրել, վաճառելու դեպքերը բացահայտելուն ուղղված աշխատանքներ է կատարում

Առողջապահության նախարարությունը դեղատների առջև դեղատոմսեր գրել, վաճառելու դեպքերը բացահայտելուն ուղղված աշխատանքներ է կատարում

ՀՀ նախարարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտելու դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում: Դա ինձ համար շատ ցավալի է: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, և ովքեր են հեղինակները»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացք կտան հարցին:

Նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր այս պահի դրությամբ նախարարությունը չի ստացել:

Խաչատրյանի խոսքով՝ մի քանի աշխատակիցներ ողջ օրն աշխատում են՝ վերահսկելու և հստակ հասկանալու, թե համակարգում ինչ է տեղի ունենում, ինչ խնդիրներ են առաջանում: Սակայն կան խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Եվ իրենք դրանց լուծում կտան օպերատիվ կերպով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում